Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
Հայտարարություն

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն է

Սերգեյ Փարաջանովը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Փարաջանյանց) ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (այն ժամանակ՝ Թիֆլիս), 1924 թվականի այս օրը, հայազգի Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում: 

1942–45 թթ.-ին սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայի ջութակի և վոկալ բաժիններում: Ընդունվել է Թիֆլիսի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի շինարարական ֆակուլտետ, ուր ուսանել է ընդամենը կես տարի: 1945-1951թթ.-ին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում. դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է:

«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»,- նրա մասին ասել է Ժան-Լյուք Գոդարը:

Կինոմատոգրաֆիայում Փարաջանովի առաջին գործն է «Անդրիեշ» խորագիրը կրող ֆիլմը: Այնուհետև վարպետը հեղինակում է գեղարվեստական, փաստավավերագրական, գիտական ֆիլմեր: Սակայն հեղինակին մեծ հաջողություն բերեց «Մոռացված նախնիների ստվերները» (1964) ֆիլմը, որը բազում մրցանակների է արժանացել:

«Նռան գույնը» (1968) ֆիլմը խորհրդանիշների հետաքրքիր մեկնաբանություններով պատկերում է Սայաթ-Նովայի կյանքը:

Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվում է 1973 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նրան դատապարտում են 5 տարի ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության մեջ: Միայն 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ, Դալիի մտերիմ ընկեր Լուի Արագոնի միջամտության շնորհիվ նրան ազատ են արձակում:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով