Տեառնընդառաջ
Տեառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։
Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տեառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։
Տոնը սահմանել է եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։