Նոր գրքեր
Սյունե Սևադա «Կախվածություն»
Սյունե Սեւադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի ոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։
Ստեփան Զորյան «Մի կյանքի պատմություն»
Այս պատմությունը մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի լավ մարդ։ Նրանք ցանկանում էին, որ իրենց երեխան ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի, փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Գնալով Թիֆլիս` նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ վարձակալում բնակարան։ Նրանք պարապում են տանտիրոջ երեխաների հետ, որպեսզի վճարեն տան և ուսման վարձերը։ Տիգրանը ընդունվում է Ներսիսյան դպրոց, իսկ Սուրենը փնտրում է այլ աշխատանքներ, և որոշ ժամանակ անց բացահայտում իր համար նոր զբաղմունք՝ գրելը։ Նա գրում է մի պատմություն թութակի մասին, որն իրականում տեղի է ունեցել։ Երկու ընկերները մասնակցում են նաև սոցիալիստսկան գաղտնի ժողովների և դառնում այդ ժողովների մշտական և միշտ սպասված անդամները։
► Ասում են` սերը նման է կայծակի. բավական է մի անգամ խփի մարդու սրտին ` կավերի, կայրի ամեն ինչ և էլ թույլ չի տաորևէ նոր զգացմունք ծնվի այնտեղ:
► Սիրո մասին այնքան են գրել, որքան և ոչ մի բանի մասին աշխարհում: Ասում են` ի սկզբանե էր սերն: Ասում են, որ սերն է կազմում առանցքը տիեզերքի և միակ աղբյուրը կյանքի: Թերևս այդպես է ` չգիտեմ: Ասում են` սերը կրքի առաջին հայտնությունն է և թե` սերն ինքը կիրք է: Այդպես ասողները չեն հասկանում երևի ինչ է սերը: Ասում են սերը նման է գինու, ով մի անգամ խմի` կհարբի ու կկորցնի գիատկցությունը….Այդ, թերևս, այդպես է…
► Կա՞ն արդյոք մարդիկ, որ չեն հիշում իրենց մանկությունը կամ մանկության դեպքերը: Եթե կան, դրանք դժբախտ մարդիկ են` պայծառ հուշերի հաճույքից զրկված, որովհետև մանկությունը, ուրախ թե տխուր, միշտ մանկություն է՝ իր անարատ սրտով, կյանքի բուռն ծարավով և լուսավոր, լուսավոր երազներով, որ զարդարում են մեր գոյության առավոտը և երկրորդ անգամ էլ չեն կրկնվում:
► Մեծերի տխրությունը վարակում է մեզ` երեխաներիս…
Ագաթա Քրիստի «Էնդհաուզի առեղծվածը»
Անգլիայի ծովափում հանգստի ժամանակ, Էրքյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են երիտասարդ և հմայիչ Նիկ Բաքլիի հետ։ Նրա հետ ունեցած առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին փամփուշտ, որը խոցել է օրիորդ Բաքլիի գլխարկը և պետք է սպաներ նրան։ Պուարոն որոշում է պաշտպանել Նիկին և բռնել հանցագործին։ Նա և Հասթինգսը գնում են Նիկի տուն, որը կոչվում է «Էնդհաուզ» («տուն ծայրամասում»)։ Պուարոն բացատրում է նրան ամեն ինչ, իսկ Նիկը խոստովանում է, որ մինչ կատարվածը նրա վրա արդեն կատարվել է երեք մահափորձ, բայց նա չի կարևորել դրանք, կարծելով, որ դժբախտ պատահարներ են եղել։ Պուարոն նախազգուշական քայլեր է ձեռնարկում և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ կանչել իր ընկերուհուն, ու նա կարող է վստահել, որպեսզի պաշտպանի նրան։ Նիկը որոշում է հրավիրել իր զարմուհուն՝ Մեգգի Բաքլիին։ Երբ նրա մոտ հրավառություն նայելու նպատակով հյուրեր են գալիս, կատարվում է հանցագործություն։ Սկզբում Պուաորն մտածում էր, որ Նիկն է սպանվել, բայց երբ նրանք զննում են դիակը, ապա տեսնում են, որ դա Մեգգին է, ում շփոթել են Նիկի հետ կարմիր չինական շալի պատճառով։ Այժմ Պուարոն զբաղվում է սպանության հետաքննությամբ և պետք է պահպանի Նիկ Բաքլիին։
Վահագն Գրիգորյան «Պողոս- Պետրոս»
«Պողոս- Պետրոս» վեպում Վահագն Գրիգորյանը մեկ տոհմի պատմությամբ գեղարվեստական ընդհանրացումներով ներկայացնում է հայ- ռուսական հարաբերությունների 200-ամյա պատմությունը՝ 1828 թվականի Երևանի բերդի գրավումից մինչև մեր օրեր:
Ջորջ Մարտին «Գահերի խաղը»
Գահերի խաղը գիրքը հայերեն ըստ Ջորջ Մարտինի օֆիցիալ հայերեն թարգմանությամբ՝ “ավրորա պրինտ”։
Սառույցի և կրակի երգը Ստեղծագործության կենտրոնում ընկած են երեք սյուժետային գծեր՝ Վեստերոս մայրցամաքի իշխանության համար պայքարող զինվորների պատմությունը, Վայրենացածների և Ուրիշների հարձակումների անմիջական սպառնալիքը, ինչպես նաև գահընկեց թագավորի դստեր շրջագայությունը՝ Մետաղե գահը վերադարձնելու համար։ Պատմությունը գրված է երրորդ դեմքով՝ տարբեր կերպարների տեսակետներից։ Վեպի վրա աշխատանքները սկսվել են 1991 թվականին՝ հեղինակի կողմից։
Այդ ժամանակ ենթադրվում էր, որ շարքը կլինի եռերգություն։Ջորջ Մարտինը, որոշեց ստեղծել մասշտաբային էպիկական ֆենտեզի՝ «Օղակների տիրակալ» ոգով։ Գահերի խաղը գրքում յուրահատուկ տեղ է հատկացվել հերալդիկային, տոների և հագուստի նկարագրությանը։
Գիրքը ոգեշնչվել է իրական պատմական իրադարձություններով, իսկ շարքի հերոսներն ունեն միջնադարյան Եվրոպայի ազնվականության գծեր։
Գրքի ամենակարևոր մտքերից մեկը այն է, որ մահը ամբողջ կյանքի անխուսափելի ճշմարտությունն է։
Անրի Թրուայա «Աննա Պրեդայ»
Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ» վեպը անանձնականության պատմություն է, որ կամա թե ակամա՝ վերածվում է յուրօրինակ բռնակալության: Աննայի կյանքի կարևոր մարդիկ թույլ են ու խոցելի, և նա համառ ջանքեր է գործադրում նրանց իրենց սովորականությունից դուրս բերելու համար: Բայց արդյոք ճի՞շտ է պարտադրել գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրանց կարողություններին:
Շառլ Ազնավուր
2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է. ահա փոքրիկ Շառլը Լատինական թաղամասի իրենց նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ, Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում առաջին դերը, թատերական հյուրախաղերը։ Հետո՝ առաջին քայլերը շանսոնում, որը համարում էին «արվեստի երկրորդական տեսակ», եւ առաջին հոդվածներն «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի մասին, որը ելույթներ էր ունենում կաբարեներում եւ գիշերային ակումբներում: Հետո եկան հաջողությունը, փառքը, եւ իրար հաջորդեցին անհամար համերգները: Ամենասիրելին 1963 թվականին ԽՍՀՄ-ում տված առաջին համերգն էր։ Ազնավուրը գրքում բացատրում է, թե ինչու։ Նա պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Խորհում է Շառլ Կրոյի երաժշտական մրցանակի մասին 20 տարի երազելու եւ այդ մրցանակից հրաժարվելու մասին։ Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։
Ժերար դը Ներվալ « Զբոսանքներ և հիշողություններ»
Գրքում զետեղված են ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժերար դը Ներվալի «Հոկտեմբերյան գիշերներ» և «Զբոսանքներ և հիշողություններ» երկերը: «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների շարքը, որ առաջին անգամ լույս է տեսել 1852 թվականին, յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքի և հասարակական պահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին: Իրեն հատուկ նուրբ հեգնանքով փորձելով հետևել ռեալիզմի՝ «ճշմարտության դպրոցի» ջատագովներին՝ Ժերար դը Ներվալն ամեն անգամ ստիպված է արձանագրել իր պարտությունը՝ պարբերաբար հայտնելով ներաշխարհի կախարդված պարտեզներում: Մինչ ընթերցողի առջև էջ առ էջ ամբողջանում է քաղաքային բարքերի ու զվարճալիքների նկարագրությունը՝ իրական, գունեղ մանրամասնություններով, ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Աստվածային կատակերգության» հետագիծը՝ հիշեցնելու, որ բանաստեղծի իրապատում դեգերումները նաև ներքին ուղևորություն են իրական և մտացածին քաղաքի խառնարաններով: «Զբոսանքներ և հիշողություններում», որ Ներվալի վերջին երկերից է, շարունակվում է ներքին եզերքի համառող որոնումը:
Ռոբին Շարմա «Առաջնորդ` առանց պաշտոնի»
Եթե Դուք իսկապես ցանկանում եք բարելավել կյանքի որակը, սահմանել հստակ նպատակներ և հասնել դրանց, ապա պարզապես պետք է հետևել նրան, թե ինչ է գրված այս գրքի էջերում: Մի վախեցեք, ռիսկի դիմեք և դուք կվերածվեք բոլորովին այլ մարդու:
Ֆ. Դոստոևսկի «Ապուշը»
«Ապուշը» Ֆ. Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից է։ Ստեղծագործություն, որը ստիպում է մտածել, երազել և վերափոխվել: Իշխան Միշկինի կերպարում համեմված են մարդկային բարձր արժեքներն ու որակները: Նա Իշխանին համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ, ում առկայութունն անընդհատ զգացվում է: Մարդ, ով հասկանում է դիմացինին, փորձում է կիսել նրա ցավը, օգնել, եթե կարող է և ներել: Նա վեր է հասարակությունից՝ լինելով հասարակության մաս: Գրքում ցուցադրված է դառը իրականություն, որի կողքին գոյություն ունի իդեալական, մաքուր աշխարհի հանդեպ հավատքը: «Ապուշը» գրքի լավագույն մտքերից մեկը սովորեցնում է անցնել մարդկանց կողքով և ներել նրանց՝ երջանիկ լինելու համար:
Օնորե դը Բալզակ «Երեսնամյա կինը»
Կնոջ և տղամարդու միջև առկա սերը, որը ներկայացվում է Ժյուլիի և Վիկտորի, Ժյուլիի և Արթուր Գրենվելի, Ժյուլիի և Շառլ դը Վանդենեսի, Էլեն դ’Էգելմոնի և Վիկտորի օրինակներով, հանդիսանում է վեպի հիմնական թեման։ Ժյուլիի և ամուսնու ընտանեկան հարաբերությունները հենց սկզբից ձախողված էին։ Ժյուլիի հետագա կյանքում մշտապես առկա է լինում նրա զգացմունքների և երջանկության ցանկության միջև ընթացող կռիվ։ Ժյուլին փորձում է հաշտվել իրադարձությունների հետ և ամուսնուն վերադարձնել ընտանիք՝ հանուն իրենց դստեր՝ Էլենի։ Երբ նրա կյանքում հայտնվում է երիտասարդ լորդ Գրենվիլը, մարքիզուհու սովորական կյանքն ասես փոխվում է։ Ժյուլին գիտակցում է, որ սիրում է և սիրված է։ Նա Արթուրին խոստանում է հեռանալ ամուսնուց և նրանից խնդրում է իրեն չանհանգստացնել, հակառակ դեպքում մենաստան կգնա։
Սթիվեն Քինգ «Միզերի»
Վեպի հերոսը՝ Փոլ Շելդոնը, ճանաչում վայելող վիպասան է: Փոլի խանդավառ երկրպագու Էննի Ուիլքսը ավտովթարից հետո նրան դուրս է բերում ջախջախված մեքենայից և տանում մեկուսի վայրում գտնվող իր առանձնատուն: Այնտեղ հավատարիմ ընթերցողը դառնում է ոչ միայն Փոլի փրկիչը, այլև բանտապահն ու խոշտանգողը: