Նորարար գրադարաններ 2019

2019թ. սեպտեմբերի 23-25-ին Ծաղկաձորի <<Ալպինա>> հյուրանոցում կայացավ <<Նորարար գրադարաններ 2019>> աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքային և մարզային, հանրային և համալսարանական գրադարանների բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում՝ Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը և նույն գրադարանի գրադարանավար Վարսենիկ Սարգսյանը:

Մասնակիցներին դիմավորեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, ով իր խոսքի մեջ ընդգծեց գրադարանների և գրադարանային աշխատանքի մեջ նորարար տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում իրենց նորարար լուծումներով հանդես եկան Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի <<Հայ մատենագրության թվանշային գրադարան>>-ի (digilib.am) համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Հովհաննես Կիզողյանը, Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ դեսպանության ծրագային մասնագետ Ավետիկ Պետրոսյանը, <<Ազատություն>> ռադիոկայանի մուլտիմեդիա խմբագիր Արթուր Պապյանը, քաղաքագետ, հանրային կապերի մասնագետ Անուշ Սեդրակյանը, <<Ինտերնետային հանրություն>> ՀԿ-ի անդամ Վահան Միսակյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և Վիքիակումբների համակարգող Արմեն Միրզոյանը: Տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Լիա Միլլերի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի գրադարանների զարգացման հնարավոր ուղիներն ու միտումները:

Տավուշի մարզային գրադարանի ներկայցուցիչները աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեցին գրադարանի վերջին շրջանի ձեռքբերումները, <<Ամերիկյան գրադարակ>>-ի ձևավորման նպատակն ու գործառույթները, Կոհա էլեկտրոնային համահավաք գրացուցակի ներմուծումն ու ընձեռած հնարավորությունները: ՏՄԳ ներկայացուցիչները նշեցին, որ աշխատաժողովը մեծ հնարավորություն էր փորձի փոխանակման և գրադարանային աշխատանքի ոլորտում առկա խնդիրների նորարար լուծումների կանխատեսման ու օգտագործման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով