Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Հետաքրքիր նյութեր

Վահան Տերյանի մասին

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.- Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։- Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։- Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։- Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։ Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով